Վախեցա, ջղայնացա ու գնացի. Անտոն Քոչինյանի կրտսեր որդին` բժիշկ-ազատամարտիկ

Նորության նկար Արցախյան ազատամարտը համազգային պայքար էր, հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվել էին ոչ միայն բանվորը, խանութպանը, մեքենավարն ու ցանք անող գյուղացին, այլև մտավորականը: Սրտի ու հոգու կանչով կամավորական գրված հայորդուն ոգեշնչում էր նաև այն հանգամանքը, որ իր կողքին, իր հետ միասին կռվում են գիտնականը և արվեստագետը: Նաև` հայտնի մարդկանց զավակները:

Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կրտսեր որդին` Գագիկ ՔՈՉԻՆՅԱՆԸ, միկրովիրաբույժ էր, իսկ պատերազմի տարիներին Երևանի Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ВТЭК) ղեկավարը: Նա կարող էր հանգիստ նստել հարմարավետ աշխատասենյակում, բայց իր խոսքով` «վախեցավ, ջղայնացավ» ու որոշեց զենքը ձեռքն առնել: Հարցին, թե մարտական ընկերներն ինչպես էին վերաբերվում Կենտկոմի առաջին քարտուղարի որդի լինելու փաստին, պատասխանում է. «Շատ նորմալ: Պատերազմում նման բաներ չկան: Յուրաքանչյուրն էլ հայր ու մայր ունի: Իմ հայրն էլ Կենտկոմի առաջին քարտուղարն էր: Այդքան բան»: Բայց ամեն դեպքում փաստում է` «տղաներին ազգանունս նաև ուժ էր տալիս` Քոչինյանի տղան էլ է եկել»:

Գագիկ Քոչինյանը եղել է «X» գաղտնի դասակի բժիշկը, թեպետ խոստովանում է` առաջին գործը կռվելն է եղել, հետո նոր` բժշկելը:

* * * *

Վախեցա, ջղայնացա ու որոշեցի, որ ես էլ պետք է գնամ: 1992-ի հունիս-հուլիս ամիսներն էին: Երկրի ղեկավարությունը պահեստազորի սպաներին երկրի պաշտպանությանը մասնակցելու կոչ էր անում: Գնացի Մյասնիկյանի շրջանի զինկոմիսարիատ: Ներկայացա սպայական երրորդ բաժնի պետին: Այդ ժամանակ Երևանի Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ВТЭК) ղեկավարն էի: Ասացի` Խորհրդային բանակի պահեստազորի ավագ լեյտենանտ եմ (այդ կոչումն ստացել էի բժշկական ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց հետո), կոչ եք արել` եկել եմ: Հարցրին` աշխատա՞նք եք փնտրում: Ասացի` ոչ: Թե` գնանք զինկոմի մոտ: Գնացինք: Զինկոմն էլ նույն հարցը տվեց` աշխատա՞նք եք փնտրում: Ասացի` ոչ: Հետո ուղարկեցին զինկոմիսարիատում նախարարության ներկայացուցչի մոտ: Երիտասարդ տղա էր: Ասաց` ես Ձեր մասին նախարարությունում կասեմ, հետո զանգեք` պատասխանը կասեմ: Ես էլ բարկացա` ինչ զանգել, ինչ բան, եկել-պրծել եմ, եթե պետք է` դուք զանգեք: Փոքր-ինչ զարմացել էի` համ կոչ եք անում, համ ձեզ տարօրինակ եք պահում:

Այդպես էլ ոչ ոք չզանգեց: Պատճառը չգիտեմ: Գուցե ես էի զարմանալի, որ ուզում էի գնալ, գուցե խնդիրն ազգանունս էր` մտածեցին` երևի գժվել է: Չգիտեմ: Թեպետ շատ խառը ժամանակներ էին: Այնքան գործ ունեին: Զինկոմիսարիատ գնալուցս հետո անցավ երկու ամիս: Մի օր Ալեքսանդր Թամանյան կրտսերն ու Էդիկ Ավակիմովը (իմ դպրոցական ընկերն էր) եկան հաշմանդամության կարգ ստանալու: Էդիկն ասաց, որ մի քանի օրից գնում են Ասկերան: Ասացի` ես էլ եմ գալիս: Այդպես հայտնվեցի «X» գաղտնի դասակում և Ղարաբաղում:

* * * *

Երևի բախտս բերել է` կռվի օրերին լուրջ վիրավորներ չկային: Եթե լինեին` դժվար կլիներ. ոչ մաքուր գործիքներ կային, ոչ վիրահատության համար անհրաժեշտ պայմաններ: Քաշաթաղում ռացիայով կապվեցին, թե` արագիլ ենք բերում, այսինքն վիրավոր: Եթե հանկարծ լուրջ վերք լիներ, ասենք` փորից կամ կրծքավանդակից, առավելագույնը, որ կարող էի անել` արյունահոսությունը կագնեցնելն ու մոտակա հոսպիտալ ուղարկելն էր լինելու:

Հիմնականում թեթև բաներ էին լինում` մեկի սիրտն էր վատանում` դեղ էի տալիս, մյուսը վիրավորվում էր` կապում էի: Քարվաճառ գնալուց առաջ տղաներից մեկը կոտրվածք ստացավ, շինա դրեցի: Այնտեղ բժշկությունն այն էր, որ տղաներն առողջ լինեին ու չվիրավորվեին: Զգուշացրել էի` եթե վիրավորվեք` ինձ վրա հույս չդնեք:

* * * *

Բայց մի անգամ Քարվաճառում 12 մարտիկ վիրավորվեց: Չորսին տեղափոխեցինք տեղի հիվանդանոց: Լույս չկար, բայց գոնե մահճակալներ կային: Կաթիլային միացրինք: Մի ուրիշ անգամ էլ տղաներից մեկը ոտքից վիրավորվել էր: Երրորդ-չորրորդ կարից հետո միայն արյունահոսությունը դադարեցրի: Փառք Աստծո, թափանցող վերքերով զինվորներ չեմ ունեցել:

* * * *

Մի անգամ փոքրիկ վիրահատություն արեցի, Քարվաճառ մտնելուց առաջ էր: Տղաներից մեկը կիստա ուներ, բորբոքվել էր: Ասացի` արի, քեզ Վարդենիսի հիվանդանոց ուղարկենք, կիստան կհանեն, մի քանի օր էլ կմնաս, կհանգստանաս: Ոչ մի կերպ չհամոզվեց` չէ ու չէ, ուզում եմ վաղն անպայման ձեզ հետ գալ: Ստիպված կիստան բացեցի, որպեսզի միջի թարախը թափվի, ու մյուս օրը կարողանա մեզ հետ գալ: Եկավ: Բայց... ճանապարհին քարից թռավ, ոտքը կոտրվեց:

* * * *

Մարտի դաշտում բժշկի գործն ինձ համար երկրորդական էր: Ես նախևառաջ զինվոր էի, առաջին գործս կռվելն էր:

Առաջին անգամ թշնամու հետ դեմդիմաց հայտնվեցի 1993-ի մարտի վերջին, ապրիլի սկզբին: Սարի գլխին հակառակորդի խրամատն էր: Մենք շատ էինք մոտեցել, հեռավորությունը մոտ 20 մետր էր: Իրար տեսնում էինք` նա քեզ վրա է կրակում, որ սպանի, դու` նրա: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Հակառակորդը փախավ: Դրանից հետո մտանք Քարվաճառ:

Հակառակորդի հետ դեմդիմաց դուրս եկանք նաև Ասկերանում: Նրանց ու մեր միջև տարածությունը 200-300 մ էր: Դիմահար փոխհրաձգությունից հետո ինձնից 1-2 մետր հեռու կանգնած մեր տղաներից մեկն ընկավ: Տեղում մահացավ: Դրանից հետո շատ էի ուզում թշնամուն խփել: Շուրջ 60 փամփուշտ բաց թողեցի նրանց խրամատների ուղղությամբ:

* * * *

Ինձ համար ամենաոգևորիչ պահը 1993 թ. ապրիլին Քարվաճառի ազատագրումն էր: Այդքան դար հետո զենքերը ձեռքներս առանք, կռվեցինք ու հաղթեցինք: Իսկ ամենամեծ ոգևորությունն ապրիլի 10-ին էր: Այդ օրը թոռնիկիս տարեդարձն էր: Մի լավ խնջույք արեցինք` նշեցինք և ազատագրումը, և թոռանս տարեդարձը: Կողքից այնպիսի տպավորություն էր, թե նոր պատերազմ է սկսվել: Ընդհանրապես Քարվաճառի ազատագրումը հաջող գործողություն էր: Հայկական ուժերը շարժվեցին երկու կողմից` Սևանի և Ղարաբաղի: Մենք մտանք Սևանի կողմից: Գրեթե զոհ չտվեցինք: Միայն մեկը ոտքից էր վիրավորվել, մեկ ուրիշը` ձեռքից:

* * * *

Արցախյան պատերազմում հաղթեցինք մեր ոգու շնորհիվ: Նաև` մենք գիտեինք, թե ինչի համար ենք կռվում: Մի անգամ մի ջահել լեզգի տղա էր գերի ընկել (ի դեպ նա բժշկական կրթություն ուներ և ինձ օգնեց, մեր վիրավոր տղաներին կաթիլային միացրեց): Նա պատմում էր, որ իրենց զոռով են բերել, ինքնաձիգները ձեռքներն են տվել, ուղարկել:

Իսկ մեզանում նման բան չկար: Իմ տպավորությամբ` հայաստանցիներս քիչ բան չենք արել, բայց ղարաբաղցու ոգին այլ էր, նա կանգնած էր մինչև վերջ:

* * * *

Պատերազմը խլեց լավ տղաների կյանքը, ովքեր գիտեին, թե հանուն ինչի են կռվում, հանուն ինչի են գնում մահվան բերան: Շատ տղաներ գնացին, ովքեր եթե ողջ մնային, շատ բան այնպես չէր լինի, ինչպես հիմա է: Բայց պատերազմը ոգի տվեց: Տվեց գիտակցություն, որ կարող ես հաղթել: Գիտես` որքան դու կարող ես խփել, այնքան էլ քեզ կարող են խփել: Բայց դու դրան համաձայն ես: Ու դրանից մեջդ մի բան մնում է:

* * * *

Ինձ համար նշանակություն ուներ, թե ում հետ պատերազմ կգնամ: Ես շնորհակալ եմ զինկոմիսարիատից, որ ինձ չկանչեցին: Դրա շնորհիվ կռվի դաշտ գնացի Ալեքսանդր Թամանյան կրտսերի, Էդիկ Ավակիմովի, Գագիկ Գինոսյանի, մի քանի ֆիզիկոսների հետ: Մարդկանց հետ, ովքեր երբեք զինվորական չեն եղել, բայց մեջները զինվորի ոգին կա, գիտեն` ինչի են գնում, ինչի համար են կյանքը վտանգում: Կային մարդիկ, ովքեր բնածին հրամանատար էին: Եկանք Քաշաթաղ, մենք 10 հոգի էինք, տարբեր ջոկատներից հավաքված ևս 150 մարդ կար: Պատկերացրեք` 1918 թ. մաուզերիստներին` ամեն մեկը կռիվն իր ձևով է պատկերացնում, ամեն մեկն իր գլխի տերն է: Մի ամսից ավելի Քաշաթաղում նստած էին: Պետք է փոխարինող գար: Բայց չկար: Խոստացել էին, որ նոյեմբերին կփոխարինեն, բայց դեկտեմբերի վերջն է, Նոր տարի է գալիս, իսկ նրանք դեռ խրամատում նստած են:

Մեր գալուց երկու օր անց եկան ու հայտարարեցին` հոգնել ենք, գնում ենք: Միայն երկու հոգի` Ալեքսանդր Թամանյանն ու Սայադը (մականունը` Կուդասով) կարողացան այդ 150 հոգուն կարգի հրավիրել: Զենքով, ջանով, հայհոյելով` բայց կարողացան: Դրանից հետո մեկ ամիս էլ մեզ հետ մնացին: Եթե այդ երկուսը չլինեին` նրանք մեզ երբեք չէին լսի: Իսկ համոզելու, նրանց կարգի հրավիրելու համար պետք է ներքուստ ուժեղ լինեիր, մեջդ հրամանատարը պետք է խոսեր:

* * * *

Ապրիլի վերջերին Թամանյանի հետ սարերով գնում ենք դեպի Վարդենիս: Ձի ենք նստել, մեկական էլ հետներս տանում ենք: Ճանապարհին գյուղ պատահեց: Թամանյանն ասաց` արի մտնենք, մի խուրջին վերցնենք: Մտանք մի տուն, իջանք նկուղ: Իսկ այնտեղ խաչքար էր: Դա մեզ այնպիսի ուժ տվեց, այնպիսի ոգևորություն, այո, դու չես գրավել, սա քոնն է եղել: Նույնը Քաշաթաղում եղավ: Մտանք մի գյուղ, իսկ այնտեղ խաչքարեր էին լցված: Դա վստահություն էր տալիս, որ սա քոնն է, որ դու զավթիչ չես:

* * * *

Պատերազմը լավ բան չէ: Այստեղ մարդ ես սպանում` գնում-նստում ես: Այնտեղ սպանում ես` հերոս ես դառնում: Թշնամուդ ես սպանում, բայց չէ՞ որ մարդ ես սպանում: Սա բարդ թեմա է: Սակայն մի հարցում վստահ եմ` եթե նորից պատերազմ սկսվի, ու եթե առողջ լինեմ` նորից կգնամ:

ԱՂԲՅՈՒՐԸ՝http://www.sobesednik.am/old_archive/index.php?option=com_content&view=article&id=37299:2010-03-20-16-49-36&catid=2611:-128&Itemid=13401
SATURDAY, 20 MARCH 2010 20:31

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 21-04-2012 13:01:44
Դիտումների քանակը: 2428
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԷԼՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ ԿՈՐՅՈՒՆԻ Աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1975): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott